X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Ավանդույթները հայկական ներկայիս հարսանիքներում

H. A.

21.09.2017

Հարսանիքը բոլորիս համար էլ կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է: Հայերը այս տոնը նշում են յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Հայկական հարսանիքը վառ, գույնզգույն տոն է` լի երգ ու պարով, ավանդական ծեսերով և ջերմ կենացներով։ Ժամանակի ընթացքում հայկական հարսանիքը ենթարկվել է բազում փոփոխությունների, որոնք հիմնականում գալիս են եվրոպական երկրներից:

«Յոթ օր յոթ գիշեր հարսանիք» արտահայտությունը պատահական չի և վկայում է այն մասին, որ հայերի տոնել են հարսանիքը մեծ շուքով:   Նախկինում կար նախաամուսնական մի շարք ծեսեր, որոնք օրեր էին տևում, սակայն պարտադիր կատարվում էին: Նախապատրաստական ծեսերից էին մակարապետի ընտրությունը, (ով փեսայի խմբի  գլխավոր անդամն էր՝ ազաբը), եզ մորթեքը, քավորին հրավիրելու արարողությունը, հաց թխելը, ամուսնական մատանիների օրհնությունը, փեսայի և մակարապետի լողացնելը: Հետաքրքիր էր փեսային սափրելու, հագցնելու արարողությունը, որը փեսագովքերով էր ուղեկցվում:  Ընդհանրապես, կարելի է նշել, որ նախկինում հարսանիքի յուրաքանչյուր ծես ուղղորդվում էր երգերով ու բանահյուսությամբ: Կային հատուկ երգեր փեսայի հագ ու կապի ժամանակ, եզն մորթեքի արարողության ժամանակ, հարսի տուն մտնելուց, ինչպես նաև հարսին երբ տանում էին արդեն փեսայի տուն, խնամիները գովում էին հարսին, որ սկեսուրը լավ ընդունի: Հիմնականում հնչում էր հայտնի երգը ՝ «Թագվորի մեր դուրս արի, տես քե ինչեր ենք բերել» , կիսուրն էլ իր հերթին ուներ իր հարսին գովերգող երգ:  Երգերը շարունակվում էին մինչև ողջ օրվա ավարտը:

Նախկինում առանձին կատարվել է նաև  հարսի հրաժեշտի արարողությունը, երբ նա իր ընկերուհիների՝ ծաղկոցավորների խմբով, պտտվում էր հորական և մորական բարեկամների տներով ու նվերներ ստանում: Նշենք, որ ներկայիս հարսանիքներում  ծաղկոցավորների խմբից պահպանվել է միայն հարսնաքրոջ կերպարը: Նախկինում հարսնաքույր կարող էին լինել նաև ամուսնացած կանայք, ովքեր պիտի ամուսնական խորհուրդներ տային հարսին:

Նախկինում հարսն ու կիսուրը առաջին անգամ հանդիպում էին փեսայի տանը, որտեղ կիսուրը հարսին դիմավորում էր լավաշով և մեղրով: Ներկայումս սա ոչ միշտ են պահպանում: Հիմնականում կիսուրը փեսայի հետ գնում է աղջկա տուն և նրկա է գտնվոմ հարսին իրենց տանից դուրս բերելու արարողությանը:  Այսօր կարող ենք ականտես լինել այնպիսի հարսանիքներին, որտեղ հարսն ու փեսան հանդիպում են եկեղեցում:

Մեր օրերում փոփոխության է ենթարկվել նաև  հարս հագցնելու ծեսը: Այն կատարվում է կիսատ, քանի որ մինչև խնամիների գալը հարսն արդեն կազմ ու պատրաստ է լինում, մինչդեռ նախկինում հարսին հագցնելը բավական երկար ծես էր: Հարսին հագցրել են տնից դուրս գալուց առաջ: Այդ արարողությանը մասնակցում էին հարսի ընկերուհիները և քավորկինը: Այդ ընթացքում ծաղկոցավորների խումբը հարսի փոխարեն լացակումած երգեր էր երգում, որով հարսը հրաժեշտ էր տալիս հորական տանը: Ավանդական ծեսում հայերս չունեինք հատուկ հարսանեկան հագուստ: Ամեն գավառում հագնում էին համապատասխան տարազ: Հագուստը կարվում էր հատուկ հարսի համար: Զգեստի վրա կարվում էին տվյալ շրջանին հատուկ նախշեր:  Ներկայիս ծեսում հնից պահպանվել է միայն մի պատառիկ, երբ քավորկինը իր հետ է վերցնում հարսի գլխի հարդարանքը, կոշիկը և արդուզարդը:

Ներկայիս հարսանեկան արարողությունների ժամանակ, երբ հարսն ու փեսան դուս են գալիս հարսի տանից կամ եկեղեցուց, հյուրերը նրանց գլխին վարդի թերթիկներ են լցնում կամ նրանց ճանապարհը պատում թերթիկներով: Սա նույնպես փոխառնված սովորույթ է: Քանի որ, վարդի թերթիկները ոչ մի դեր ու նշանակություն չեն ունեցել նախկինում այս ծեսը կաարվում էր այլ կերպ՝ հարսի և փեսայի գլխին լցրել են ընդեղեն և ցորեն, որոնք բեղմնավորման և առատ կյանքի խորհրդանիշներն  են:

Հարսանիքների ժամանակ ամենասպասված պահերից մեկը՝ տարոսիկներ բաժանելը, ունի իր ավանդական արմատները: Նախկինում բոլոր հարսանիքների ժամանակ եղել է ընտանեկան կամ հարսանեկան ծառ, որի վրա կարմիր, կանաչ ժապավեններ են փաթաթել, իսկ գագաթին նուռ դրել: Այս կենաց ծառը ողջ հարսանիքի ընթացքում մակարապետի մոտ է եղել, իսկ խնջույքի ավարտից հետո այն մասնատվել և բաժանվել է հյուրերին, ինչով նորապսակները կիսել են իրենց ընտանեկան երջանկությունը: Այս ծառը դեռ կարելի է տեսնել գյուղական մի քանի հարսանիքների ժամանակ:

Եթե տարոսիկներ բաժանելն ունի հայկական արմատներ, ապա հարսի ծաղիկ շպրտելը փոխառնված է եվրոպական երկրներից:

Սակայն մենք ունենք ազգային խորհրդանիշներ, որոնք մոռացվել են, օրինակ՝ ուսկապը, խաչկապը, կոսպանդը, որը կարմիր և կանաչ ժապավեններով խաչաձև կապում էին փեսայի կրծքին: Այդպիսի մի սիմվոլ էր նաև նարոտը, որը բրդե կարմիր կամ կանաչ միահյուսված թելերից էր կազմված: Ամուսնության խորհուրդը կատարելիս քահանան դա փաթաթում էր փեսայի և հարսի վզին կամ դաստակներին և կնքում մոմով: Նարոտը արձակվում էր միայն խնջույքի վերջում:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին