fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Խաշի ավանդույթները

H. A.

08.02.2017

Բոլորիս քաջ ծանոթ Խաշն ունի իր ավանդույթներն ու յուրահատուկ պատմությունը:   Հայերը խաշ օգտագործում են դեռ հեթանոսության ժամանակներից: Հիմնականում պահպանվել է պատրաստման եղանակը և արարողակարգը, սակայն  կրել է նաև որոշ փոփոխություններ:

Խաշն ուտում են ցուրտ եղանակին` այն ամիսներին, որոնց անվան մեջ կա «ր» տառ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ խաշը շատ հագեցած է կալորիաներով, իսկ տարվա ցուրտ շրջանում օրգանիզմը հավելյալ էներգիայի պահանջ ունի: Կալորիականությամբ հարուստ լինելու պատճառով էլ խաշն ուտում են վաղ առավոտյան, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում մարսեն:

Նախկինում խաշն ավելի հաճախ պատրաստել են գառան մսից, իսկ հիմա` միայն տավարի, չնայած հիմա էլ կան շրջաններ, որոնք խաշ պատրաստելիս օգտագործում են գառան միս:

Հին ժամանակներում խաշ հյուրասիրում էին նաև հարսանիքներին: Համարվում է, թե խաշն աղքատների կերակրատեսակ է. հարուստները կերել են մսի լավ կտորները, իսկ կենդանու ոտքերը տվել են աղքատներին: Նրանք էլ, իրենց բաժին հասած կտորները երեկոյան  խաշել են և միայն առավոտյան են կերել, որպեսզի ոչ ոք չտեսնի: Սակայն այս տարբերակը հերքվում է, քանի որ համարվում է, որ  հնում որևէ բան, մանավանդ ուտեստները սոցիալական տվյալ խմբին ընդգծված պատկանելություն չեն ունեցել:

Ավելի ուշ Խաշը կերել են հարսանիքի հաջորդ օրը: Այս ավանդույթը մինչ օրս էլ պահպանվում է Հայաստանի տարբեր շրջաններում, օրինակ՝ Գյումրիում:

Այսօր խաշ կարող են ուտել ցանկացած օր, անկախ տոնակատարությունից:

«Խաշ» բառն առաջացել է «խաշել» բառից: Խաշը զուտ հայկական ծագում ունի, բայց այն տարածված է նաև մեր հարևան և ոչ հարևան երկրներում` ինչ-ինչ փոփոխություններով: Ընդ որում` նրանց մի մասը անպայման նշում է, որ սա զուտ հայկական կերակրատեսակ է, մյուս մասը` դա չի անում: Օրինակ` վրացիները խաշը պատրաստում են մեր նման, բայց վերջում կարագով սոխառած են ավելացնում:

Այսօր կա խաշ ուտելու մի քանի տարբերակ, սակայն հիմնական ուտելու տարբերակը համարվում է ձեռքերով ուտելը: Նախ ամանի մեջ մանրացնում են չորացրած լավաշը, իսկ ամանը ծածկում են մի մեծ կտոր թարմ լավաշով, որպեսզի կերակուրը չսառի: Ուտելուց բացում են լավաշի մի հատվածը, մյուս լավաշի կտորով վերցնում են խաշի կտորներն ու ուտում: Ուտում են նաև գդալով կամ լավաշն առանց մանրացնելու:

Ուտելուց բացի յուրահատուկ է նաև խաշի մատուցումը: Հայկական խնջույքներին բնորոշ ճոխ սեղանները չկան: Խաշի ժամանակ հյուրասիրում են լավաշ, սխտոր, բողկ, կանաչի, թթու ծիծակ և օղի, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի: Յուրահատուկ են  նաև խաշի ժամանակ հնչող կենացները: Առաջին կենացը խմում են «բարի լույսի», երկրորդը` «խաշը եփողների», երրորդն էլ` «խաշի» կենացը: Կա մեկ այլ տարբերակ, որ առաջին կենացը խմում են խաշ ուտողների կենացը:

Կան մարդիկ, ովքեր օղու փոխարեն խաշի հետ օգտագործում են կոնյակ, սակայն բոլոր խաշ եփողները սխալ են համարում դա, բացատրելով, որ խաշը հին ճաշատեսակ է, առաջացել է դեռ հազարամյակներ առաջ, այդ ժամանակ հայերն ունեցել են մրգային օղիներ, բայց ոչ կոնյակ. կոնյակն ի հայտ է եկել միայն հարյուր տարիներ առաջ:

Մի շարք խորհուրդներ խաշ պատրաստողների համար: Մինչև խաշը եփելը տավարի ոսկորները և տոտիկները 24 ժամ պահվում են հոսող ջրի տակ, որպեսզի միսը ազատվի արյան գնդիկներից և մաքրվի: Խաշի պատրաստումը սկսվում է երեկոյան, որ առավոտյան շուտ մատուցվի: Ոսկորները առանձին սառը ջրի մեջ եփում են բարձր կրակի վրա, եռալուց հետո թափում են ջուրը, իսկ տոտիկները` եռացող ջրի մեջ են գցում, եռալուց հետո էլի ջուրը թափում են, հետո` նորից եռացող ջուր, տոտիկներից շատ արգանակ պետք չէ, որ դուրս գա, եռալուց հետո ոսկորների եռման արգանակը ավելացնում են տոտիկների վրա: Խորհուրդ է տրվում, որ երբ ոսկորը եռում է, անպայման ծածկել կափարիչը, որպեսզի ավելի սպիտակ և սուր արգանակ ստացվի:
Խաշը մատուցվում է  անալի, քանի որ աղ լցնելու դեպքում այն մգանում է:

Խաշը, մինչ օրս շարունակում է հրապուրիչ լինել ոչ միայն իր հարուստ կալորիականությամբ, կամ ցուրտ եղանակին տաքացնող հատկությամբ, այլ նաև  մարդկանց համախմբելու յուրահատուկ կարողությամբ: Իզուր չէ, որ խաշը մենակ չեն ուտում: Այն միտում ունի մտերմացնելու և զրույցի շուրջ հավաքելու ընկերներին:

Ռենա ռեստորանային համալիրում նույնպես կարող եք համտեսել խաշ:
Համեցեք:
Բարի Խաշ:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները

Ինչպե՞ս սնվել մրսածության ժամանակ

Սուրճի պատրաստման եղանակները տարբեր երկրներում  

Հարիսա 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին