fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ամուսնական կյանքն ըստ տարիների

H. A.

04.05.2017

Հարսանիքը շատ կարևոր, նոր փուլ է յուրաքանչյուրի համար: Բացի բուն հարսանիքը գեղեցիկ տոնելուց, նշում ենք նաև հոբելյանական տարիները, այսպես ասած ընտանիքի ծնունդը: Որքան էլ որ զարմանալի լինի, ընտանիքի յուրաքանչյուր ծնունդ ունի իր ուրույն անվանումն ու նշանակությունը: Ներկայացնենք դրանք:

Հարսանիքի օրը համարվում է Կանաչ հարսանիք:

Համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք:  Անվանումը բացատրվում է նրանով, որ ամուսնական մեկ տարվա ընթացքում ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղային մանրուքների հետ, արդեն անցել են որոշակի փորձություններ, սովորել են դրանք հաղթահարել միասին: Հաճախ առաջին տարեդարձի ժամանակ բացվում է հարսանեկան շամպայններից մեկը: Հայաստանում, ավելի հաճախ, պահում են հարսանեկան կոնյակ կամ գինի, որը ացվում է  ընտանիքի առաջին ծննդյան օրը, կամ առաջնեկի լույս աշխարհ գալուց:

Չթե հարսանիքից հետո հաջորդում է թղթե հարսանիքը: Հիմնականում սա բացատրվում է նրանով, որ ամուսիններն արդեն անցել են փորձությունների մեծ շարան, սակայն, հարաբերությունները դեռ լիովին ամուր չեն: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինները դիմավորում են հյուրերին թղթե հագուստով: Եվս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին և կախում այն որևէ տեղից: Ստացվում է իսկական ‘երջանկության ծառ:

Ամուսնական երրորդ տարին անվանվում է կաշվե հարսանիքը: Ասում են, ավանդույթի համաձայն, ամուսինները պետք է ներեն բոլոր անցած վիրավորանքները, մոռանան նեղվածությունները, ազատվեն այն հին իրերից, որոնք կարող են հիշեցնել կռիվների և վեճերի մասին:

Ընտանեկան չորրորդ տարին անվանվում է Վուշե կամ Քաթանե հարսանիք: Քաթանը խորհրդանշում է ամրություն և հարատևություն: Այդ օրը սեղանին փռում են քաթանե սփռոց և դնում են քաթանե անձեռոցիկներ: Ըստ ավանդույթի այդ օրը ամուսինները իրար նվիրում են քաթանից կամ վուշից պատրաստված տարբեր իրեր:

Հնգամյա տարեդարձը նշում են որպես Փայտե հարսանիք: Ծառը խորհրդանշում է կյանքը, ծաղկունքը և բարեբերությունը: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախն, այնուամենայնիվ կա:

Վեցամյակը համեմատում են Չուգունի հետ: Այս մետաղը բավականին փխրուն է և կարող է ճաքել հարվածից: Նույն կերպ ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել հանկարծակի ստեղծված տհաճ իրավիճակից:

Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկ ամյակը, նշում են որպես հարսանիքից հետո ամենակարևոր իրադարձություններից մեկը:  Սա նոր մի փուլ է, երբ, երկար ճանապարհ անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին, միասին կազմում են ապագա պլանները: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է  11 հատ վարդ, որոնցից 10-ը  կարմիր են,  խորհրդանշում են սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ, որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ ամրացնում նույն գույնի վարդ: Այս տարեդարձը անվանում են նաև Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը:

Համատեղ կյանքի տասնհինգերորդ տարին նշում են որպես Բյուրեղապակե հարսանիք: Բյուրեղները խորհրդանշում են հարաբերությունների մաքրությունն ու պարզությունը, սակայն եթե լավ չեն հետևում, բյուրեղապակին ունի  մթագնելու, սևանալու հատկություն: Նույնը համեմատում են նաև սիրո հետ: Այն պետք է անընդհատ փայփայեն:

Ճենապակե, Ֆարֆորե հարսանիքը նշում են ամուսնությունից 20 տարի անց: Անունը բացատրվում է նրանով, որ ամուսինները պետք է հիշեն այն մասին, որ հարկավոր է իրար վերաբերվել մեծ սիրով ու հարգանքով: Թեթևակի հպումից, անզգույշ քայլից տարիների ընթացքում կառուցած դղյակը կարող է փլվել:

Ընտանեկան կարևոր տարեդարձներից է 25 ամյակը: Այն նշվում է որպես Արծաթե տարեդարձ: Ամուսինների միջև փոխհարաբերություններն արդեն ոչ միայն բավականաչափ ամուր են դարձել, այլ նաև ձեռք են բերել  յուրօրինակ գեղեցկություն: Այժմ նրանք համարվում են  ավելի ամուր ընտանիք:

25 ամյակից հետո ավելի կարևոր համարվում է 30 ամյակը: Երեսուն ամյակն անվանում են մարգարտյա տարիք: Ինչպես մարգարիտն է իր խուփի մեջ դանդաղորեն մեծանում, ճիշտ նույն կերպ էլ ամուսիններն են կամաց-կամաց հասնում Մարգարտյա հարսանիքի տարեդարձի շեմին: Տարեցտարի նորանոր գիտելիքներ և փորձ  ձեռք բերելով, ամուսնությունն աստիճանաբար հասնում է կատարյալ վիճակի: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է մարգարտաշար վզնոց` բաղկացած երեսուն հատ մարգարիտից` ի նշան հարգանքի և միասին անցկացրած երջանիկ տարիների:

Ռուբինե (Սուտակե) հարսանիքը տոնում են հարսանիքից քառասուն տարի անց: Սուտակը կրակի և սիրո քար է, որը  խորհրդանիշն է  երբեք չմարող զգացմունքների: Գեղեցիկ ավանդույթ կա ամուսնական մատանիների վրա սուտակե քարեր տեղադրել: Կարելի է հետևել այդ ավանդույթին, կամ էլ գնել նոր մատանիներ սուտակե քարերով:

Ոսկե հարսանիքը, անխոս, համարվում է ամենակարևոր, նշանակալից իրադարձությունը ամուսինների կյանքում: Այն իրադարձություն, տոն է ողջ գերդաստանի համար: Տարեդարձը շնորհավորում են երեխաները, թոռները, բոլոր ընկերները: Կան մի շարք հետաքրքիր ավանդույթներ այդ օրվա հետ կապված: Ոսկե հարսանիքի առթիվ գնվում են նոր ոսկե մատանիներ, քանզի տարիների ընթացքում ամուսինների մատները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Իսկ հին մատանիները նվիրում են երեխաներին: Երջանիկ զույգին ողողում են ոսկե մետաղադրամներով, բրնձով, ցորենով` մաղթելով նրանց բարեկեցություն և հետագա երջանիկ կյանք:

Զմրուխտը հազվագյուտ և շատ գեղեցիկ  քար է: Զմրուխտե հարսանիքը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Ամուսնության հիսունհինգ ամյակը նշել հաջողվում է ոչ բոլորին: Իսկական անակնկալ զմրուխտե հարսանիքի համար կարող է հանդիսանալ երեխաների և թոռների կողմից կազմակերպված խնջույքը:

Միասին անցկացված համատեղ կյանքի վաթսուն ամյակը համարվում է Ադամանդե տարեդարձ: Այս քարը ոչ միայն եզակի է, ապշեցուցիչ գեղեցիկ ու թանկարժեք, այլ նաև շատ ամուր: Այն ամուսնությունը, որը այսքան ժամանակ գոյատևել է, այլևս ոչինչ և ոչ ոք ի զորու չէ քանդել: Այդ օրը ամուսնական մատանիները զարդարվում են ադամանդներով:

Որ տարիքում էլ, որ լինի կարևոր է սիրել և հարգել միմյանց, հոգատար լինել և աջակից: Առանց այս ամենի չի կարող լինել ընտանեկան երկարատև կյանք:

Հարսանիքի օր՝ Կանաչ հարսանիք,
1 տարի անց` Չթե հարսանիք,
2 տարի անց` Թղթե հարսանիք,
3 տարի անց` Կաշվե հարսանիք,
4 տարի անց` Քաթանե, Վուշե հարսանիք,
5 տարի անց` Փայտե հարսանիք,
6 տարի անց` Չուգունե հարսանիք,
7 տարի անց` Պղնձե հարսանիք,
8 տարի անց` Թիթեղյա հարսանիք,
9 տարի անց` Հախճապակյա հարսանիք,
10 տարի անց` Չուգունե հարսանիք,
11 տարի անց` Վարդագույն հարսանիք,
12 տարի անց` Նիկելե հարսանիք,
13 տարի անց` Ժանյակե հարսանիք,
14 տարի անց` Ագաթե հարսանիք,
15 տարի անց` Ապակե հարսանիք,
20 տարի անց` Ճենապակե (ֆարֆորե) հարսանիք,
25 տարի անց` Արծաթե հարսանիք,
30 տարի անց` Մարգարտյա հարսանիք, 
35 տարի անց` Կտավե, Մարջանե հարսանիք,
37,5 տարի անց` Ալյումինե հարսանիք,
40 տարի անց` Սուտակե (Ռուբինե) հարսանիք,
45 տարի անց` Շափյուղյա (Սապֆիրե) հարսանիք,
50 տարի անց` Ոսկե հարսանիք,
55 տարի անց` Զմրուխտե հարսանիք,
60 տարի անց` Ադամանդե հարսանիք,
65 տարի անց` Երկաթե հարսանիք,
67,5 տարի անց` Քարե հարսանիք,
70 տարի անց` Բարեբեր հարսանիք,
75 տարի անց` Տերունական, Թագավորական հարսանիք,
100 տարի անց` Կարմիր հարսանիք:
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին