fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Լավաշ՝ Հայկական հաց

H. A.

28.06.2017

Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը:

Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է:

Ըստ հայկական հին ավանդույթի խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են տան ավագ հարսն ու հարևան կանայք:

Թխման արարողությունը սկսվում է վաղ առավոտից՝ արևածագից: Խմորի կլոր գնդերը գրտնակելուց հետո, խմորը բացում են նաև ձեռքերի վրա: Սա շատ դժվար գործողություն է և միայն հմուտները կարող են այնպես անել, որ խմորը չպատռվի:  Բացելուց հետո, խմորը գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է «ռաֆաթա» կամ «բադադ» և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո լավաշը պատրաստ է: Կարևոր է, որ հենց ճիշտ ժամանակին վեր բարձրացնեն լավաշը, այլապես լավ չի ստացվի. կկորցնի համային ողջ փունջը:

Լավաշի պատրաստման բարդ գործում, օգնում են նաև տան երիտասարդ աղջիկները: Նպատակը՝ փոխանցել երիտասարդ սերնդին լավաշ պատրաստելու մշակույթն ու գաղտնիքները:

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Հիմնականում թխում են մեծ քանակությամբ, ապա չորացնում, որպեսզի հնարավոր լինի երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը հիմնականում մեծ քանակությամբ են պատրաստել, քանի որ ժամանակատար և դժվար աշխատանք է: Ամբողջ մեկ օր կանայք զբաղված էին լինում լավաշ թխելով: հենց այս պատճառով էլ, թխում էին միանգամից մի քանի տան հաց:
Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:


Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին