fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Նավասարդ

H. A.

09.08.2017

Հնում  հայերը նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես Նոր տարվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը՝ դիմել Հայ Աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի:

Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը):  Ըստ ավանդույթի  Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ (Հայկի դուստրերից մեկի անունով), որ նշանակում է Նոր տարի:
Եվ միայն 18-րդ դարում որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը:

Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղեններից  էր  գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարներով` հաճախ մատով փոսիկներ անելով: Գաթայից ու «Տարի»-ից բացի Նոր տարվա համար թխում էին զանազան ձևավոր հացեր՝ «Ասիլ-Բասիլներ», որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող Աստվածներին՝  Նարին, Արա Գեղեցիկին և այլոց: Այդ թխվածքներով  կատարում էին բազմապիսի գուշակություններ: Երբեմն տղամարդուն նվիրված ծիսահացը քսակի ձևով էին պատրաստում, եթե այն ուռչում էր, գուշակում էին հարստություն, եթե սմքում էր՝ հակառակը:
Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց և դրանցով «կաղնդում» ջուրը. նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը: Կեսգիշերին կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և այն կաղնդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (մի պահ ընդամենը) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում քաջ հայտնի էր «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը: Այս սովորույթի էությունն այն էր, որ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ ուսած շրջում էին երդիկից երդիկ և դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով՝ բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով: Ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների, Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Այստեղ ընդունված էր ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան պատրաստել, կոչվում էր «ճլոլունք», որը հարազատների, ավելի հաճախ՝ խնամիների երդիկներից ցած էր իջեցվում: Նշանված աղջիկներն իրենց հերթին «ճլոլանք» էին իջեցնում նշանածի տան երդիկից և փախչում, եթե տնեցիներից որևէ մեկին հաջողվում էր բռնել հարսնացուին, ապա նա պարտավորվում էր մտնել փեսացուի տունը, հյուրասիրվել և նոր գնալ:

Ինչպես հայկական շատ տոների ժամանակ, նավասարդի նախորդող օրը նույնպես նշանավորվում էր զանազան խաղերով: Նավասարդյան խաղերը, տևում էին մի շաբաթ: Խաղերի ընթացքում մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուերամարտից, ըմբշամարտից, կռփամարտից, նիզականետումից, գնդակախաղից, ձիարշավից և այլ մարզաձևերից: Բնականաբար ողջ մրցումները ուղեկցվում էին երգերով ու պարերով։

Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն արդեն ավելի քան հինգ տասնամյակ է, ինչ անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղափարախոսության արմատավորումը։ Այդ նպատակին են ծառայում նաև 1999 թ-ից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող համահայկական խաղերը։

Մարդկանց համար նավասարդը եղել է բերք ու բարիքի, կյանքի հարատևությունը խորհրդանշող տոն, և մարդիկ հավատացել են, որ Նավասարդը տունը լցնելու է հաջողությամբ և խաղաղությամբ:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին