fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Սուրբ Սարգսի տոն

H. A.

09.02.2017

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է և այս տարի (2018թ.) նշվում է Փետրվարի 14-ին:

Սբ. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի տարածման:

Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ.) սկսվում են Քրիստոսի եկեղեցու և քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, Սբ. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալու կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սբ. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

Զորականներից շատերը, տեսնելով, որ Սարգիսը բարեպաշտ և գործին նիրված մարդ է, աղթում է և հավատում Աստծուն, իրենք էլ են  հրաժարվում հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:

Շապուհ արքան միևնուն է  պահանջում է, որ Ս.Սարգիսը պաշտի կրակն ու  զոհ մատուցի: Զորավարն, իհարկե, դեմ է կանգնում ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը:

Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո զայրացած ամբոխը հարձակվում է Սբ. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Սբ. Սարգիսը բանտարկվում է: Քանի որ, այդպես էլ չի փոխում իր հավատքը, գլխատվում է: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սբ. Սարգիսը ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

 Սբ. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:

Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Այս գեղեցիկ տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:
Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինձով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները

Սուրբ Վալենտին թե Սուրբ Սարգիս

Պահք

 

 

Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին