fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Տյառնընդառաջը

H. A.

09.02.2017

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից` հունվարի 6-ից 40 օր հետո` անվանելով Տյառնընդառաջ, որ նշանակում է  «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Տյառնընդառաջի տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

Քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո, Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգությամբ,  որից  հետո կատարվում է նախատոնակ: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի` արտերի և այգիների օրհնության արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Այս օրն օրհնվում են նաև եկեղեցու մոմերը: Սա նույնպես հատուկ արարողություն է: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, իսկ մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց տուն տանելու համար: Մեծ նշանակություն ունի նաև վառած խարույկը: Ըստ ժողովրդի Տըրնդեզի խարույկը օգնում է Արևին բարձրանալ և թեքվել դեպի գարուն (նկատի է առնվում Զատիկը, որը Հայերի  մոտ համարվել է  Բնության զարթոնքի սկիզբ):

Մինչ օրս էլ մարդիկ ասում են, որ կրակի վրայից թռնելը քշում է չարքերին, հիվանդներին կրակն օգնում է ապաքինվել և հաջողություն է բերում ընտանիքներին: Նախկինում ավելի շատ են եղել Տյառնընդառաջի տոնակատարության հետ կապված ազգային սովորույթներ, ավանդություններ ու պատկերացումներ: Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ: Հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը. եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ենթադրվել է, որ տարին բերքառատ է լինելու: Ծխի ուղղությամբ փորձել են իմանալ նաև, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Խարույկը մարելու ժամանակ մարդիկ կրակ են վերցրել տան շուրջը պտտեցնելու, տան ճրագը վառելու, օջախի մեջ գցելու, կամ էլ, հավաբնի ու գոմի մեջ շաղ տալու համար` թռչուններին և անասուններին ապահովելով բոլոր տեսակի չարիքներից: Այս արարողության ժամանակ մոխիր շաղ տվողն ասել է. «Մեր կովերը ճըռթան էղնին, մեր հավերը գըռթան էղնին»: Տըրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատություն:  Հաճախ մոխիրի մնացորդներն պահել են կճուճների մեջ, հետագայում արտերում շաղ տալու համար:  Շատերն այդ մոխրիը պահել  և ամեն անգամ հաց թխելիս` մի փոքր գցել են թոնրի կրակի մեջ:

Համարվում էր, որ Տըրնդեզի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինում, որովհետև «կրակի հետ է ծնվել»: Այս օրն ու Զատիկին ծնված տղաներին լուս-պարոն, աղջիկներին` լուս-խաթուն են ասել:

Տյառնընդառաջին հացկերույթներ ու խնջույքներ սովորաբար չեն կազմակերպվել:  Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից նշանված աղջկան տարվող անուշեղենի կապոցն է եղել: Սեղաններին հիմնականում այս տոնի ժամանակ դրվել են հացահատիկային կերակուրներ, փոխինձից պատրաստված գնդիկներ, խաշիլներ, ժինգյալով հաց, հացի խմորի մեջ լցոնված չրեր, ինչպես նաև տնական հալվա, աղանձ, հարիսա: Տոնի մաս են կազմել նաև աղանձը, չամիչը, ընկույզը, կարմրեցրած եգիպտացորենը, բոված սիսեռը, դդմի կորիզը, որոնք ուտելուց առաջ պտտեցվել են վառվող կրակի շուրջ:

 Ժողովրդական ավանդության մեջ Տըրնդեզն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու արգելքը վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նշանված կամ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես աներոջ հետ հանդիպել, իսկ Տըրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր և Տյառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

Ներկայումս հայ եկեղեցին Տյառնընդառաջը, որպես անշարժ տոն, կատարում է փետրվարի 14-ին: Փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցական ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, անդաստան. ծիսակատար քահանան վառում է ս. Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն:

Ռենա ռեստորանային համալիրում նույնպես նշեցինք այս գեղեցիկ օրը: Մեր հյուրերի համար վառեցինք կրակ, որի վարայից բոլորը թռան, մոռանալով իրենց վախերն ու հույզերը:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Հարսանեկան ավանդույթներ աշխարհի տարբեր մասերից

Հայկական հարսանեկան ավանդույթներ (Մաս 2)

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին