fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Խնամախոսություն: Հայկական ավանդույթներ

H. A.

17.08.2017

Հայաստանում շատ են հարսանեկան ավանդույթները: Հայկական հարսանեկան ավանդույթներում մեծ տեղ է գրավում խնամախոսությունը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի՝ չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

Հարսնացուի ընտրությունից հետո, տղայի ծնողները տոհմի ավագներից կազմված պատվիրակություն էին ուղարկում աղջկա տուն՝ նրա ձեռքը խնդրելու. այդ արարողությունը կոչվում էր խնամախոսություն: Խնամախոսությունը տղամարդու գործ է’ ըստ հայկական ավանդույթների: Հետևաբար, խնամախոսությամբ, ավանդաբար զբաղվում են տղամարդիկ: Կանացի գործ չէ բանակցություններ վարելը: Խնամախոսության գնում էին երեկոյան, մթնշաղից հետո, որպեսզի հարևանները չտեսնեն ու չիմանան: Եթե մերժեին, բոլոր հարևանները կիմանային մերժված փեսացուի մասին:

Ընդունված չէր աղջկան ամուսնացնելու համաձայնություն տալ առաջին իսկ այցի ժամանակ: Դա կնշանակեր, որ հարսնացուի հայրն ուզում է արագ ազատվել աղջկանից: Եթե խնամախոսներին ասում էին, որ պետք է մտածել, կամ հորեղբայրը պետք է որոշի, իսկ նա քաղաքում չէ, դա նշանակում էր, որ մի քանի այցից հետո համաձայնություն կտային: Իսկ եթե ասում էին, որ դեռ շատ փոքր են ամուսնանալու համար, ուրեմն երկրորդ անգամ չարժեր նրանց տուն գնալ: Մերժման տարբերակներ շատ կային:

Մի քանի շրջանում ընդունված էր նաև մի քանի հոգով գնալ աղջկա տուն: Եթե հարսնացուն մի քանի թեկնածու ուներ, ապա խնամախոսները պայմանավորվում էին և միասին էին գնում խնամախոսության: Տղամարդիկ նստում էին սեղանի շուրջ և շարում էին իրենց բերած նվերները’ զարդեր, քաղցրավենիք, ծածկոցներ, գործվածք: Այս նվերները վկայում էին փեսացուի ընտանիքի բարեկեցության մասին: Վերջնական որոշումը հարսնացուինն էր’ ում նվերն ընտրեր, նա էլ կդառնար իր ամուսինը: Ճիշտ է, հարսնացուն իրավունք չուներ խոսելու տղամարդկանց ներկայությամբ: Վարվեցողության կանոնների համաձայն’ նա պետք է իր ասելիքը բացատրեր ժեստերի օգնությամբ: Հաճախ, ամոթխած հարսնացուն նվերն ընտրում էր’ չիմանալով, թե ումից է այն, և պատահական փեսացու էր ընտրում:

Ավելի շրջահայաց աղջիկները հասցնում էին նախապես պայմանավորվել տղայի հետ’ վստահորեն ընտրելով նրա նվերը: Երբ ընտրությունն արված էր, սեղան էին գցում: Հարսի և փեսայի հայրերը համաձայնության էին գալիս: Հայաստանի որոշ շրջաններում ընտանիքների հայրերը լավաշ էին կիսում: Որպես կանոն, այդ արարողությունը տեղի էր ունենում քահանայի ներկայությամբ: Լավաշ կիսելու ծեսը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր կնքելուն, այսինքն, այսուհետ նրանց հացն ընդհանուր էր լինելու:

Աղջկա ծնողներից համաձայնություն ստանալուց հետո տեղի էր ունենում խոսքկապ, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է Նշանադրություն: Ի դեպ խոսքկապից մինչև նշանդրեք երիտաասարդները իրավունք չունեին հանդիպել միմյանց:

Նշանադրության նպատակը զույգի հարաբերությունները պաշտոնական դարձնելն էր, որպեսզի խուսափեն հնարավոր բամբասանքներից: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում է տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն` ի նշան համաձայնության: Ըստ հին հայկական ավանդույթի, զույգը չպետք է երկար նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրություն մեկ կամ երկու շաբաթ անց:

Խնամախոսությունից հետո սկսվում էր մինչհարսանեկան ավանդույթների շարքը և բուն հարսանիքը, որից հետո լինում էր նաև հետհարսանեկան ավանդույթը՝ գլուխ լվան: Այս ամենի մասին կանրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին